BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ընդմիշտ... «Բավարիա»

Ընդմիշտ... «Բավարիա»
18.06.2013 | 11:36

Ընթացիկ տարին համաշխարհային ֆուտբոլի համար առանձնացավ մեծ սպորտին երկու խոշորագույն մարզիչների հրաժեշտ տալով: «Մանչեստր Յունայթեդում» ավելի քան քսանհինգ տարի անփոփոխ աշխատած լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնի մասին արդեն գրել ենք: Այժմ հերթը ոչ պակաս լեգենդար Յուպ Հայնկեսինն է, ով ընթացիկ մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» համար քամեց առավելագույնը:
Ֆուտբոլիստի իր մարզական կարիերայի լավագույն տարիները նվիրելով Մյունխենգլադբախի «Բորուսիային»` Հայնկեսը մարզչական գործունեությունը սկսեց հենց այդ ակումբից` ութ տարում թիմը երկու անգամ հասցնելով երկրի ներքին առաջնության երրորդ հորիզոնական:
Երիտասարդ ու պատվախնդիր մարզչի հաջորդ ակումբը դարձավ «Բավարիան»` գերմանական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենախոշոր բրենդը: Չորս տարվա գործունեությունն այստեղ նշանավորվեց բունդեսլիգայի երկու չեմպիոնական մեդալով` երկրի սուպերգավաթն էլ վրադիր:
1991-98 թվականները տաղանդավոր մարզչի համար եղան մեծ տեղաշարժերի ժամանակաշրջան: Մեկնեց Իսպանիա` մարզելու Բիլբաոյի «Աթլետիկը», ապա վերադարձավ հարազատ Գերմանիա («Այնտրախտ»): Որոշ ժամանակ անց նրան նորից հրապուրեց Իսպանիան, որտեղ «Տեներիֆեի» հետ հասավ մինչև ՈՒԵՖԱ-ի կիսաեզրափակիչ:
1998-ին ստացավ Մադրիդի «Ռեալը» մարզելու առաջարկ: Արդյունքն այն եղավ, որ արքայական ակումբը, երեսուներկու տարվա ընդմիջումից հետո, դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Սակայն «Ռեալը» երկար ժամանակով չմնաց նրա հետաքրքրությունների ծիրում: Հաջորդը եղավ պորտուգալական «Բենֆիկան», որին կրկին հաջորդեց Բիլբաոյի «Աթլետիկը», հետո հերթը հասավ գերմանական «Շալկեին»` Ինտերտոտոյի երկու գավաթով:
2006-ին Հայնկեսը վերադարձավ այնտեղ, որտեղից սկսել էր իր մարզական կարիերան` հարազատ Մյունխենգլադբախի «Բորուսիա»: Սակայն, ի տարբերություն առաջին անգամվա, գործերը սպասվածի պես չստացվեցին ու նույն տարվա մեջ հարկադրված եղավ լքելու թիմը: Անգործությունը երկար չշարունակվեց, քանի որ նրան նորից սպասում էր… «Բավարիան», որ հասցրել էր մրցաշրջանի կեսից հրաժեշտ տալ Յուրգեն Կլինսմանին: Հայնկեսը մյունխենցիներին բերեց-հասցրեց մրցաշրջանի երկրորդ հորիզոնական:
Սկզբունքորեն դժվար է պատասխանելը` եթե երկրորդի փոխարեն թիմն այդ տարի գրավեր առաջին տեղը, Յուպը կմնա՞ր ակումբում, թե՞ ոչ, բայց որ աստղերն այլ կերպ էին դասավորվել, ու նրա հաջորդ թիմը դարձավ Լևերկուզենի «Բայերը», սա արդեն փաստ է: «Բայերի» հետ աշխատելու երկու տարիները ո՛չ նրան, ո՛չ ակումբին շոշափելի ոչինչ չտվեցին, և, նոր ակումբի որոնումների մեջ, մարզիչը հերթական անգամ հայտնվեց «Բավարիայում»` այս անգամ նրանից չհեռանալու անխախտ պայմանով:
Իհարկե, Հայնկեսի այս որոշումը միայն ներքին հրապարակման էր` արված իր ներսում ու միայն իր համար, իսկ թե ի՞նչ արեցին մյունխենցիներն ընթացիկ մրցաշրջանում, թերևս ներկայացնելու հարկ չկա, քանզի այն բոլորիդ աչքի առաջ էր: Միայն ասեմ, որ ակումբը նրա ղեկավարությամբ ավերիչ փոթորկի պես անցավ երկրի առաջնությունն ու մնացած հնարավոր բաները, որոնց թվում և` Չեմպիոնների լիգան իր ողջ ընթացքով:
Սակայն հասկանալի է` ընթացք էլ կա, ընթացք էլ: Հայնկեսյան «Բավարիան» միայն տիտղոսներ չշահեց, նրա ամենամեծ հայտը եղավ համաշխարհային ֆուտբոլի նոր օրենսդիր դառնալու պատրաստակամությունը: Ճիշտ է, այս անգամ արդեն ո՛չ նրա մասնակցությամբ, քանի որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է դարձել Խոսեպ Գվարդիոլան, բայց դե «Բավարիա» ֆուտբոլային անխափան մեխանիզմի բոլոր դետալները «տաշվել» են մի մարդու գլխում, ով համեստորեն արեց իր գործն ու համաշխարհային ֆուտբոլի սիրահարներին պարտադրեց արդ ու ընդմիշտ խորին ակնածանքով արտասանել Յուպ Հայնկես մարդու և մարզչի անունը:
Նա այդ իրավունքը միանգամայն արժանիորեն է վաստակել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ